Ազատ (գետ)

Ազատը գետ է Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնումԳեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում` մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ` անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը` մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև` մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։ Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք` սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։ Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ձրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ձրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։