Սուրբ Սիոն եկեղեցին

Տաճարին կից պահպանվել են Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Կառուցվել է 659 թ. (պատվիրատու` Ներսես Գ Շինող կաթողիկոս)։ Եկեղեցու ավերակները բացվել են 1907-1911 թթ. մասնակի պեղումների ընթացքում, իսկ 1949 թ. իրականացված պեղումներից հետո հուշարձանի պահպանված հիմնապատերը բացվել են ամբողջապես և մաքրվել հողից։
Սուրբ Սիոնը խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց է, համարվում է Զվարթնոցի տաճարի փոքրացված օրինակը։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղավորված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ ։
Կառույցն արտաքուստ շեշտված է պայտաձև ելուստներով, ինչը խաչաձև հատակագծի շնորհիվ թույլ է տալիս կառույցն իրական չափերից առավել ընդարձակ ընկալել։
Կենտրոնական սրահը կազմում է գմբեթատակ քառակուսին։ Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից։ Եկեղեցու կառույցն արտաքինից ներառնված է 24 մ տրամագծով 24 կողանի եռաստիճան կորագիծ գետնախարիսխներ ունեցող բազմանիստ ծավալի մեջ։ Սկզբնական կառույցից ներկայումս պահպանվել են հիմնապատերը (2-3 շար) և ստորին երկու աստիճանների մնացորդները։ Շինանյութը` սրբատաշ տուֆն է, կրաշաղախով։
«Մաշտոց Հայրապետ» եկեղեցին
Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից կից է12-րդ դ. կառուցված կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդության համաձայն «Մաշտոց Հայրապետ» է անվանվում։ Կառուցված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցու գերեզմանի վրա. 876 թ., արաբական հարձակումներից պաշտպանվելու նպատակով Մայր Աթոռն ու գանձերը Էջմիածնից տեղափոխվում են Գառնի, ուր և վախճանվել և թաղվել է կաթողիկոսը։ Եկեղեցու ավերակներից հյուսիս պահպանվել է կաթողիկոսի տապանաքարը։
Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից
Ազատը գետ է Հայաստանի Հանրապետության Արարատի և Կոտայքի մարզերում (թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը 55 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 550 քառ. կմ։ Սկիզբ է առնումԳեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում` մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ` անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը` մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև` մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։ Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք` սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։ Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ձրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 մլն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ձրերը մասամբ օգտագործվում գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթն գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
Zakarid Armenia 1200 map-fr.svgԳառնիի ճակատամարտ, ճակատամարտ մի կողմից Զաքարյան Հայաստանի և Վրաց թագավորության զորքերի ու մյուս կողմից Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև 1225 թ-ին։ Խորեզմի վերջին շահին մոնղոլները ջախջախել և վտարել էին նրա տիրույթներից։ Շահը իր պետությունը ազատագրելու համար դիմում է Զաքարյաններին և վրացիներին, ովքեր սակայն մերժում են օգնություն տրամադրել։ Լսելով պատասխանը շահը մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը։ Այստեղ նրանց դիմավորում են հայ-վրացական միացյալ ուժերը և ղփչաղները Իվանե Զաքարյանի գլխավորությամբ։ Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտ ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»[1]։ Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են և կորցնում 20,000 զինվոր։ Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինը և Թիֆլիսը ու կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ։
Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և 
մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից 
հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ 
ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում: 
Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են դպրանոց, գրադարան և գրչատուն: XIII դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր եկեղեցին և գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը:
Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցել են Զաքարյանները 1215 թ-ին: Այն արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որի արևելյան և հարավային ճակատներն ակոսված են եռանկյունաձև հատվածքի զույգ խորշերով: Առանձնապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը: 
Արևմուտքից եկեղեցուն կից կենտրոնակազմ քառասյուն գավիթը կառուցվել է 1215–25 թթ-ին: Չորս սյուներն իրար կապող և դեպի հանդիպակաց պատերը ձգվող կամարները գավթի ներսի տարածությունը բաժանում են հատվածների. միջին հատվածի ծածկն ունի շթաքարային հարուստ և կատարյալ լուծում, մյուսների ծածկերը տարբեր են` հարթ, խաչաձև, կիսագլանաձև: Ներսում՝ արևելյան պատի տակ, Տիմոթ և Մխիթար վարպետների 1213 թ-ին կերտած խաչքարն է: 
Գեղարդի շինարարության կարևոր շրջանն սկսվել է XIII դարի կեսից, երբ Պռոշյան (Խաղբակյան)  իշխանական տունը վանքը գնել է Զաքարյաններից և սկսել վիմափոր շենքերի կառուցումը: Գավթի և գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում են վիմափոր կառույցները` 2 եկեղեցի, գավիթը, վերևում՝ ժամատուն-դամբարանը: Գավթի հյուսիսարևմտյան կողմի առաջին եկեղեցին կառուցվել է 1230–50 թթ-ին, որի երդիկի հիմքին փորագրված է ճարտարապետի անունը` Գալձագ: 1283 թ-ին փորվել են երկրորդ եկեղեցին և գավիթը, որը հավանաբար եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը: Եկեղեցու և գավթի պատերը ծածկված են մարդկանց, թռչունների պատկերաքանդակներով, բուսական ու երկրաչափական տարաբնույթ հյուսվածքներով: Ժայռի վերին մասում 1288 թ-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ՝ Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը քառասյուն կենտրոնակազմ հորինվածք է: Վանքի շրջակայքում կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, ժայռերին ագուցված խաչքարեր:
Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ-ի երկրաշարժերից: 1834 թ-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1932 թ-ին Թորոս Թորամանյանի արշավախմբի պեղումներով բացվել և ուսումնասիրվել է Պռոշ իշխանի օրոք կառուցված վիմափոր խոշոր դահլիճը (փլվել է 1967 թ-ին): Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958–87 թթ-ին: 
Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են:
Հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ., տաճարը՝ I դ.:
Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Ըստ XIVդ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։
Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր՝ բոլորակ և քառանկյունի հատակագիծ ունեցող կացարաններով և օջախներով։ Գառնին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։
Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդ.։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ սիստեմը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ: Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։
Ամրոցի շինությունների կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը։ Տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիս-արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերը գրված՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու IIIդ. գործ։
Հեթանոսական տաճարը կառուցվել է Iդ. 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցը)։ Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Շենքը ըստ ընդհանուր, հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։
Պատկեր:Havuts Tar Complex.JPGՀավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք , Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ , Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Կոտայքի մարզումԳառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։ Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ., ավերվել 1679-ի երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թ-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
Գիլանլարը գտնվում է Գառնիից մի քանի km հեռավորության վրա:Աշխարհից կտրված Գիլանլարի մասին քչերը գիտեն, քանի որ գյուղն անկախությունից հետո անհետացել է Հայաստանի վարչական քարտեզից:
:Գիլանլարում այսօր բնակվում է 25-30 ընտանիք` առանց կոմունալ հարմարությունների եւ առանց համայնքապետի: «Բոլորս էլ մեր հերթին գյուղապետ ենք»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթ Մխիթարյանը: 50-ամյա Ալվինան պատմում է, որ 33 տարի առաջ հարս է եկել այս գյուղ: «Մեզ այստեղ վատ չենք զգում: Ութ երեխաներիս այստեղ եմ ունեցել, եւ նրանց փաստաթղթերում գրված է` «Ծննդավայրը` Գիլանլար»,- ասում էր Ալվինան:
Մինչդեռ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գիլանլարի բնակիչները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնվել են այն ժամանակ, երբ 1985թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր եւ Գիլանլար գյուղերի հողատարածքները հանձնվել են արգելոցին:
Այնինչ գյուղացիների պնդմամբ՝ գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի 1950-ականներին տարածքում հիմնված ոչխարաբուծական ֆերմայի հիմքի վրա: Բնակատեղիում պահպանվել են նաև 9-րդ դարի խաչքարեր, 11-րդ դարի Սբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաեւ հին եւ նոր գերեզմանատները՝ 1800-ականների տապանաքարերով: Իսկ Աղասյանը նշում է, որ բնակիչները պետք է տեղափոխվեին` ստանալով փոխհատուցում եւ հողամասեր. «Բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումը, բայց, միեւնույն է, դուրս չեն գալիս, ասում են, որ հարազատներ ունեն այդ տարածքում թաղված, եւ չեն կարող լքել իրենց տները»:
«Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը: Մենք այստեղ գույք եւ այգիներ ունենք ու մեզ մեր գույքի համար դրամական փոխհատուցում պետք է տրվի, բայց չեն տալիս, այդ դեպում ինչո՞ւ պիտի հեռանանք մեր տներից: Վերաբնակեցման ժամանակ հարեւան գյուղերի ադրբեջանցիներն ու ասորիները փոխհատուցում ստացել են, իսկ մենք՝ ոչ: Ադրբեջանցիները փոխհատուցում ստացան, Արարատյան հարթավայրի գյուղերում տուն ստացան, իսկ հետագայում տները վաճառեցին եւ վերադարձան այստեղ: Իսկ երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց, նրանք հեռացան իրենց ամբողջ ունեցվածքով: Նույնիսկ կովերին մեքենաներով տարան»,- պատմում են գիլանլարցիները:
Ամիսներ առաջ բնապահպանության նախարարության պաշտոնյաներից մեկը գյուղում հայտարարել է, թե բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումը: «Բերեք ապացուցեք, ու մենք կթողնենք կգնանք. հենց այդպես ասեցի, էդ ասող պաշտոնյան թողեց ու հեռացավ»,- ասում է Մելիքսեթը: Նա նաեւ ցույց տվեց իր մոտ պահվող 1950 թվականի փաստաթուղթը, որն ապացուցում է, որ իր հայրը ադրբեջանցուց գնել է տունը եւ այգու ծառերը: Գյուղում դպրոց չկա, և երեխաները հարևան գյուղում են դպրոց գնում: «Այս պահին գյուղում դպրոց չկա, բայց ժամանակին եղել է: Սա էլ իմ ութամյա ավարտական վկայականը, որը ստացել եմ Գիլանլարի ութամյա դպրոցից»,- դպրոցի վկայականը ցույց տվեց մեզ Մ. Մխիթարյանը՝ ապացուցելու, որ գյուղը եղել է 1985-ից առաջ:
Աշոտ Դավթյանն էլ ցույց տվեց իր զինվորական գրքույկը, որտեղ պարզ գրված է` «Ծննդավայրը` Հայաստանի ՍՍՀ, Արտաշատի շրջան, գյուղ Գիլանլար»:
Գիլանլարցիները բազմիցս են դիմել պետական մարմիններին` խնդրելով թույլ տալ սեփականաշնորհել իրենց ունեցվածքը: «Մենք ուզում ենք, որ այդ հարցը լուծվի, որ գան, գնահատեն եւ փաստաթուղթ տան»,- ասում է Մելիքսեթը: Սակայն Աղասյանը բացառեց սեփականաշնորհման հնարավորությունը. «Պետք է բացառել նման քայլը, քանի որ այդ տարածքը գտնվում է արգելոցի հենց այն հատվածում, ինչը կարող է խախտել ընդհանուր հավասարակշռությունը»:
Իսկ գիլանլարցիները պնդում են, որ իրենց գյուղը գտնվում է արգելոցի սահմանին: Գիլանլարցիների սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն իր նամակում մերժումը հիմնավորել էր նրանով, որ հատուկ պահպանվող տարածքները սեփականացման ենթակա չեն: Բնապահպանության նախարարության 2010թ. մայիսի 17-ի նամակով զգուշացրել է գյուղացիներին. «Ձեր գործունեությամբ խախտում եք վերոհիշյալ օրենքի պահանջները («Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը), որի հետեւանքով լուրջ խոչընդոտներ եք առաջացնում պետական արգելոցի կանոնադրական խնդիրների լուծման եւ արգելոցի բնապահպանական գործառույթների իրականացման համար»:
Այսպիսով` նախարարությունը զգուշացրել է, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում արգելոցի ղեկավարությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին: Իսկ իրենց կյանքից գոհ գիլանլարցիներն այսօր էլ չեն պատրաստվում լքել գյուղը՝ պնդելով, որ եթե թույլ էլ չտան, օդով էլ լինի՝ հասնելու են իրենց տուն: «Մենք մինչ օրս չենք ավիրել, մենք այսքան ժամանակ կառուցել ենք: Անասուն եւ մեղու ենք պահում ու այգի մշակում»,- ասում է գիլանլարցի Բագրատը: