Գիլանլար
Գիլանլարը գտնվում է Գառնիից մի քանի km հեռավորության վրա:Աշխարհից կտրված Գիլանլարի մասին քչերը գիտեն, քանի որ գյուղն անկախությունից հետո անհետացել է Հայաստանի վարչական քարտեզից:
Մինչդեռ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գիլանլարի բնակիչները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնվել են այն ժամանակ, երբ 1985թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ Եղեգնավան, Բայբուրդ, Շիրազլու, Շիդլու, Փոքր Վեդի, Ուրցաձոր եւ Գիլանլար գյուղերի հողատարածքները հանձնվել են արգելոցին:
Այնինչ գյուղացիների պնդմամբ՝ գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի 1950-ականներին տարածքում հիմնված ոչխարաբուծական ֆերմայի հիմքի վրա: Բնակատեղիում պահպանվել են նաև 9-րդ դարի խաչքարեր, 11-րդ դարի Սբ Ստեփանոս եկեղեցին, ինչպես նաեւ հին եւ նոր գերեզմանատները՝ 1800-ականների տապանաքարերով: Իսկ Աղասյանը նշում է, որ բնակիչները պետք է տեղափոխվեին` ստանալով փոխհատուցում եւ հողամասեր. «Բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումը, բայց, միեւնույն է, դուրս չեն գալիս, ասում են, որ հարազատներ ունեն այդ տարածքում թաղված, եւ չեն կարող լքել իրենց տները»:
«Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը: Մենք այստեղ գույք եւ այգիներ ունենք ու մեզ մեր գույքի համար դրամական փոխհատուցում պետք է տրվի, բայց չեն տալիս, այդ դեպում ինչո՞ւ պիտի հեռանանք մեր տներից: Վերաբնակեցման ժամանակ հարեւան գյուղերի ադրբեջանցիներն ու ասորիները փոխհատուցում ստացել են, իսկ մենք՝ ոչ: Ադրբեջանցիները փոխհատուցում ստացան, Արարատյան հարթավայրի գյուղերում տուն ստացան, իսկ հետագայում տները վաճառեցին եւ վերադարձան այստեղ: Իսկ երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց, նրանք հեռացան իրենց ամբողջ ունեցվածքով: Նույնիսկ կովերին մեքենաներով տարան»,- պատմում են գիլանլարցիները:
Ամիսներ առաջ բնապահպանության նախարարության պաշտոնյաներից մեկը գյուղում հայտարարել է, թե բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումը: «Բերեք ապացուցեք, ու մենք կթողնենք կգնանք. հենց այդպես ասեցի, էդ ասող պաշտոնյան թողեց ու հեռացավ»,- ասում է Մելիքսեթը: Նա նաեւ ցույց տվեց իր մոտ պահվող 1950 թվականի փաստաթուղթը, որն ապացուցում է, որ իր հայրը ադրբեջանցուց գնել է տունը եւ այգու ծառերը: Գյուղում դպրոց չկա, և երեխաները հարևան գյուղում են դպրոց գնում: «Այս պահին գյուղում դպրոց չկա, բայց ժամանակին եղել է: Սա էլ իմ ութամյա ավարտական վկայականը, որը ստացել եմ Գիլանլարի ութամյա դպրոցից»,- դպրոցի վկայականը ցույց տվեց մեզ Մ. Մխիթարյանը՝ ապացուցելու, որ գյուղը եղել է 1985-ից առաջ:
Աշոտ Դավթյանն էլ ցույց տվեց իր զինվորական գրքույկը, որտեղ պարզ գրված է` «Ծննդավայրը` Հայաստանի ՍՍՀ, Արտաշատի շրջան, գյուղ Գիլանլար»:
Գիլանլարցիները բազմիցս են դիմել պետական մարմիններին` խնդրելով թույլ տալ սեփականաշնորհել իրենց ունեցվածքը: «Մենք ուզում ենք, որ այդ հարցը լուծվի, որ գան, գնահատեն եւ փաստաթուղթ տան»,- ասում է Մելիքսեթը: Սակայն Աղասյանը բացառեց սեփականաշնորհման հնարավորությունը. «Պետք է բացառել նման քայլը, քանի որ այդ տարածքը գտնվում է արգելոցի հենց այն հատվածում, ինչը կարող է խախտել ընդհանուր հավասարակշռությունը»:
Իսկ գիլանլարցիները պնդում են, որ իրենց գյուղը գտնվում է արգելոցի սահմանին: Գիլանլարցիների սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն իր նամակում մերժումը հիմնավորել էր նրանով, որ հատուկ պահպանվող տարածքները սեփականացման ենթակա չեն: Բնապահպանության նախարարության 2010թ. մայիսի 17-ի նամակով զգուշացրել է գյուղացիներին. «Ձեր գործունեությամբ խախտում եք վերոհիշյալ օրենքի պահանջները («Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը), որի հետեւանքով լուրջ խոչընդոտներ եք առաջացնում պետական արգելոցի կանոնադրական խնդիրների լուծման եւ արգելոցի բնապահպանական գործառույթների իրականացման համար»:
Այսպիսով` նախարարությունը զգուշացրել է, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում արգելոցի ղեկավարությունը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին: Իսկ իրենց կյանքից գոհ գիլանլարցիներն այսօր էլ չեն պատրաստվում լքել գյուղը՝ պնդելով, որ եթե թույլ էլ չտան, օդով էլ լինի՝ հասնելու են իրենց տուն: «Մենք մինչ օրս չենք ավիրել, մենք այսքան ժամանակ կառուցել ենք: Անասուն եւ մեղու ենք պահում ու այգի մշակում»,- ասում է գիլանլարցի Բագրատը:









